Մաքսատուրքեր
ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են: Մաքսատուրքի դրույքաչափերը սահմանված են ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով: Ընդ որում ապրանքների արտահանման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, իսկ ներմուծման դեպքում կախված ներմուծվող ապրանքներից 0 և 10 տոկոս: Բացի այդ որոշ ծածկագրերին դասվող ապրանքների համար սահմանված են յուրահատուկ (հաստատագրված) դրույքաչափեր, որոնք հաշվարկվում են կայուն դրույքաչափով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար:
Ավելացված արժեքի հարկ
Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը օրենքով սահմանված կարգով և չափով գանձվում է պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:
ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:
Բնապահպանական վճարներ
Բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրակա-նացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով համապատասխան պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց բնապահպանական վճարները գանձվում են`
վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար
շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:
Բնապահպանական վճարը մաքսային մարմնի կողմից հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է գանձվում.
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքից` «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ դրույքաչափերով.
- հինգ տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ 2%
- 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ 10%
- 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ 20%